Դժվարանում եմ մեկ բառով բնորոշել կամ որակել Ֆելիքս Պետրոսյանի «Կիսատ անուրջներ» ժողովածուն. ոգեկոչմա՞ն, հիշատակի՞, թե՞ վերածննդի, թե՞ երախտագիտության գիրք: Թեև, որքան էլ փորձենք գտնել այդ բնորոշումը, այն, ըստ էության, բանաստեղծի ճանաչման, վերադարձի վկայականն է հայ գրականություն, նրա հանդեպ պարտքի մարումը ընկերոջ՝ Հովհաննես Պապիկյանի ջանքերով, որը մեծ առումով Ֆելիքս Պետրոսյանի ստեղծագործական անտիպ ժառանգության փոխանցումն է ընթերցող հանրությանը, նորովի հանդիպումը վաղամեռիկ և ողբերգական կյանքով ապրած հեղինակի հետ: Եվ այս հարցում Պապիկյանին աջակցել է Ալիս Սողոմոնյանը՝ հովանավորելով գրքի տպագրությունը: Չնայած կյանքի բնականոն ուղու խաթարումներին ու բեկումներին, Ֆելիքսը լույսի և լավատեսության բանաստեղծ է, եղիցի լույսի զավակն ու այդ արժեհամակարգի անխոնջ նվիրյալը, իր հոգևոր՝ Պարույր Սևակի գեղագիտական հայացքների, կենսափիլիսոփայության սկզբունքային և անկոտրում կրողը: Նրա քնարական հերոսը խիստ հայեցի և հողեղեն է:
Խոհափիլիսոփայությունը՝ մարտնչող, ըմբոստ: Նա անսահմանորեն սիրել է կյանքը, և այդ մեծ սերն է, որ նրան մղել է անձնուրաց պայքարի՝ հանուն այդ կյանքի կատարելագործման, հետևաբար, ընդդեմ ամենայն չարիքի, որը խոչընդոտում է մարդուն լիարժեք և արդար կյանքով ապրելու: Այդ սերն արտահայտվում է ամենուր՝ մորը, ուսուցչին, որդիներին նվիրված բանաստեղծություններում, որոնց վերջնական թիրախը, ի վերջո, կյանքի իմաստավորումն է, մարդու կատարելությունը: Դրա վկայությունն է «Հայրենիքիս» շարքն ամբողջությամբ.
Տարիների բեռն ուսած ուր էլ թեքվի իմ ճամփան,
Ճակատագիր իմ հայոց, դու ինձ հետ ես լինելու…:
Սերը հայրենիքի հանդեպ նրան կամա թե ակամա տանում է պատմության քառուղիներով, տանում հարազատ ժողովրդին պատուհասած ամենաողբերգական եղեռնագործությունների հետքերով, որտեղ դարձյալ պարտվում է արդարությունը, սակայն նա չի կարող մասնակիցը չլինել արժանապատվության համար մղվող պայքարին, նույնիսկ հետմահու.
Եթե ես ապրեմ ու այնպես ապրեմ,
Որ հողս ինձնով մանուշակ ծնի ամեն գարնան հետ-
պոկեք ինձ թփից ապրիլի վերջին
ու տարեք ձեզ հետ… Ծիծեռնակաբերդ:
Ֆելիքս Պետրոսյանի ստեղծագործության առանձնահատկություններից մեկը ինքնակենսագրական իրադարձությունների և երևույթների գեղարվեստական արտացոլման հմտությունն է, երբ անձնական դիտարկումն ու ընկալումը, անձնական հույզերն ու մտորումները վերաճում են համամարդկային գաղափարների, ստանում հանրային բնույթ: Դրանք միանգամայն անկեղծ են, ունեն կոնկրետ, որոշակի հասցեատերեր: Սեր, ընտանիք, հայրենիք… և այդ ամենն իր մեջ կրող մարդը՝ որքան պարզ, նույնքան բարդ, ով բարու և մարդկայինի հաղթանակը կռելու առաքելություն ունի աշխարհում:
Տառապանք ու ցավ ո՛չ միայն անձնական, այլև աշխարհի, խեղված իրականության, այնպիսի երևույթների և սրբազան գաղափարների համար, ինչպիսիք են մարդու և հասարակության կատարելությունը, գեղեցիկ և իմաստավորված ապրելու արվեստը և այն իրագործելու կամքը, արդարությունը, ճշմարտությունը և երազանքի ջահը վառ պահելու մեծ նպատակը:
«Մարդավարի ապրելն հիմա հավասար է մարդավարի սպանվելուն»,- գրում է նա:
Բայց մենք, մենք, որ դեռ էն գլխից
Մարդավարի սպանվում ենք, որովհետև
ապրել գիտենք մարդավարի,
Մենք, որ ազնիվ մեր արյունը չենք պղտորում դելֆինազգի
կասատկայի կրքով վայրի,
Դրա համար ինքնահոժար պատառոտվում,
Քրքրվում ենք դուրս ու ներսից՝
Հանուն մի պարզ ճշմարտություն
մեզպեսներին պատգամելու՝
Մարդավարի ապրելն հիմա հավասար է
մարդավարի սպանվելուն…:
Ահա այսպիսին է Ֆ. Պետրոսյանի քնարական հերոսը՝ մտահոգ, անհանգիստ, բայց նաև ըմբոստ: Նրա քաղաքացիական կեցվածքն ըմբոստ և ընդվզող է, նրա տառապանքն ու ցավը լալկան և համակերպվող չեն, այլ զսպանակվող և պոռթկացող… Եվ ահա այդ ցավից ու տառապանքից է ծնվում լույսը, աննահանջ պայքարողի կերպարը: Եվ դա ամբողջ խորությամբ պատկերացնելու, ըմբռնելու համար խիզախումի չափն ու ահագնությունը հարկավոր է ճշմարիտ և ամբողջական պատկերացնել և ճանաչել քսաներորդ դարի երկրորդ կեսի իրականությունը, ժամանակի բարքերը, թեև, անկեղծ ասած, իսկական բանաստեղծի համար ժամանակները միշտ նեղ են: Որպես զարգացման և առաջընթացի պայման, նա իրականությունն ընկալում է բոլորովին այլ դիտակետից: Դա բանաստեղծական, պոետիկ հայացքն է աշխարհին, որում քաղաքացիական, խոհափիլիսոփայությամբ տոգորված անհատը չի տեղավորվում: Չի տեղավորվում, որովհետև իր մտածողության և հոգեբանության մեջ կրում է դեպի լույսն առաջնորդող անկոտրում հավատ և ձգտում է աշխարհը տեսնել բարությամբ և մարդկային բարձր արժեքներով գեղեցկացած, ցանկանում է իր պատկերացումների աշխարհը տեսնել որպես իրականություն… Եվ իրականության ու երազանքի բախումները հանգեցնում են անհատի հակասությանն իրականության հետ: Իրականություն, որն անհրաժեշտ է մաքրել կեղտից ու աղտեղությունից, ինքդ էլ հաճախ ելնում ես քո դեմ՝ որպես իրատես և երազող: Մորթապաշտության տոնահանդեսում խենթ անձնասպանի ընդվզումը կա, որովհետև հավատ ունի առ մարդը՝ կյանքն ու ապրելակերպն իրենով գեղեցկացնելու երազանքով տոգորված պոետը:
Ֆելիքս Պետրոսյանի բանաստեղծական մտածողությունն ուշագրավ է նաև այն առումով, որ խռովքին ու ըմբոստությանը ուղեկցող հալածանքն անգամ անձնական չէ, միայն իրենը չէ: Նրա հերոսն ապրում է ընդհանուրի հավաքական մտահոգություններով ու նաև ճշմարտության ընկալմամբ, մինչդեռ ճշմարտախոսությունն ընկալվում է որպես այլախոհություն, արդարամտությունը՝ ընդդիմություն: Բանաստեղծը պեղում է մարդու, անհատի և հասարակության ներաշխարհը՝ միտքն ու հոգին, ավելի ճիշտ՝ կոնկրետ իշխողների հետ հակասությունը դիտարկում հոգեվերլուծաբանի քննախույզ հայացքով՝ համեմելով այն բանաստեղծական գեղագիտությամբ:
Ֆելիքս Պետրոսյանի մտածողության և արտահայտչաձևերի մեջ տեսանելի է հայ բանաստեղծական մշակույթի լավագույն ավանդների նստվածքը: Հիշենք միջնադարը, հիշենք նարեկացիական, քուչակյան, մինչև Պարույր Սևակ պոեզիայի էպոխայի ոճաբանական գծերը և մի պահ կարդանք մերօրյա բանաստեղծին.
Ես՝ խաղողի թուփ, դու՝ ողկույզներս արևին պահող հուսալի հենակ,
Դու՝ ցանկալի ափ, ես՝ մոլորված նավ, որ հեռանալով՝ քեզ եմ նավարկել:
Կամ՝
Ներիր ինձ, հող իմ, ներիր, սիրելիս, որ փորձության մեջ թողեցի մենակ,
Մրրիկի պահին ինքս շանթ դարձա, երբ կարող էի լինել շանթարգել:
Ֆելիքս Պետրոսյանը մտքի՛ բանաստեղծ է, ավելի քան հույզի՝ քաղաքացիական խոհափիլիսոփայությամբ օժտված, որով ձևավորվում են նրա բանաստեղծական պատկերը, դատողությունն ու դիտարկումը: Այդ ամենը պետք է ընկալել ասելիքի խորությամբ և տարածականությամբ: Նա չի հանդուրժում կեղծիքը, սուտը, որոնք վերածվում են համաճարակի, և բանաստեղծին բնորոշ անկեղծ խենթությամբ ծառս է լինում այդ ամենի դեմ՝ առաջ բերելով քաղաքացիական մեկ այլ անհանդուրժողականություն ու տագնապ.
Ես իմ ազգի տարիքն ունեմ,
Կրում եմ հոգուս մեջ և ցավն ու վիշտը…:
Տեսակի ինքնաճանաչումն ու պահպանումը, տեսակի ճշգրտումն ու համախմբումը, տեսակը կորցնելու վտանգը հաճախ առանց կոնկրետ հիշատակության էլ ի հայտ են գալիս նրա տարբեր ստեղծագործություններում ու նաև տողատակերում:
-Ո՞րն է իմ ուժը,- հարց է տալիս նրա քնարական հերոսը և պատասխանում,- հողը, երազանքը, որ թանգարանին կից արգելանոցում ամոթից մեռնի վերջին վատ մարդը:
Ահա այսպիսին է Ֆելիքս Պետրոսյան բանաստեղծի տեսակը, որի արմատները հողի մեջ են և ամուր, իսկ հայացքը՝ դեպի անծայրածիր հեռուները, դեպի իր երազանքն ու նպատակը, որին նա երբեք չդավաճանեց և նվիրաբերեց իր կյանքը:
ՈՒշագրավ է գրքում մի հորինվածք, որը հեղինակել է կազմողը՝ Հովհաննես Պապիկյանը. դա նրա և բանաստեղծի երկխոսությունն է, հավանական և ճշմարտացի զրույց, հիմնված իրական դրվագների, ապրված մտորումների վրա: Դրա շնորհիվ Ֆելիքսի բանաստեղծական կերպարն ուղեկցվում է նրա կյանքի և մարդկային նկարագրի վերաձևումներում: Հընթացս հիշատակվում են բազմաթիվ փաստեր, մտորումներ: Երկու ընկերների միջև մտքերի փոխանակությունը՝ մեկի ֆիզիկական բացակայությամբ, բայց հոգևոր ներկայությամբ, որն ամենևին անձի բացակայություն չէ, այլ հակառակը, վերահաստատումն է նրա մշտական գոյության:
Այս ժողովածուն փաստում է, որ Ֆելիքս Պետրոսյան բանաստեղծը դեռ շատ ասելիք ու անելիք ուներ մեր գրականության մեջ: Այսօր, ինչպես երեկ, ու նաև վաղը այժմեական են նրա բանաստեղծական կտավները՝ «Ետ դեպի արև»-ից մինչև «Ինձ ծափեր պետք չեն»: Նրա ցավի հառաչանքն ու տառապանքը, չարիքին հակադրվելու հաստատակամությունը կրում են հաղթանակի և լավատեսության լիցքեր, այլ ոչ՝ հուսահատության և անտարբերության… Ավաղ, կես ճանապարհին ընդհատվեց տաղանդավոր բանաստեղծի ընթացքը՝ լույս աշխարհ բերելով «Կիսատ անուրջներ» այս ժողովածուն:
Ֆ. Պետրոսյանի բանաստեղծական աշխարհն այնքան հարուստ է, որ կարելի է երկար, շատ երկար խոսել, վերլուծել, քննարկել այն, դիտարկել տարբեր տեսանկյուններից, բայց, ինչպես ճշմարտությունն է հուշում, և ես էլ խորհուրդ կտայի հետևել այդ ճշմարտությանը, լավ է մեկ անգամ կարդալ ու վայելել այդ պոեզիան իր ամբողջ հմայքով և գեղեցկությամբ, քան տասն անգամ լսել այդ մասին:
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ